Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի պատշգամբից փետրվարի 18-ին ընկած 60-ամյա կնոջ վիճակը բավարար է, շուտով դուրս կգրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը:
«Դեռեւս 1-1,5 ամսվա բուժում պիտի ստանա, սակայն արդեն տնային պայմաններում: Հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չկա»,- ասաց ԲԿի տնօրենը:
Նշենք, որ կինը ստացել էր 12-րդ ողի կոմպրեսիոն կոտրվածք:
Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության, 2016թ. փետրվարի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի պատշգամբից բնակիչն ընկել է պատշգամբից:
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսպիտալացրել Աշտարակի բժշկական կենտրոն:




























