Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայաններով (ՓՀԷԿ) ամենածանրաբեռնված մարզը Սյունիքն է՝ 46 ՓՀԷԿ, որոնցից 12-ը կառուցման փոլում են, հաղորդում է «ԷկոԼուրը»։
Կապանում գործող «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ-ի նախագահ, իրավաբան-Էկոլոգ Արթուր Ղազարյանիխոսքով, Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում տեղակայված են ՀԷԿ-եր, որոնք ազդեցություն ունեն հենց բնության վրա: «Պահպանվող տարածքի հարակից տարածքներում եւս կառուցված են ՀԷԿ-եր, որոնք կարող են խնդիրներ առաջացնել՝ կապված էկոհամակարգի հետ… ՀԷԿ-երը կարող են նաեւ խնդիրներ առաջացնել՝ կապված մարդկանց սեփականության իրավունքի հետ… Մեր ՀԷԿ-երի մեծ մասը գտնվում են փնթի վիճակում: Պետությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի ՀԷԿ-երի կառուցման գործընթացին, դրանց ազդեցությանը բնության եւ համայնքների վրա»,-ասել է նա:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» (ՇՄԱԳ) նոր օրենքի համաձայն՝ ՓՀԷԿ-երը դիտվում են ռիսկային ամենացածր կատեգորիայում եւ չեն համարվում շրջակա միջավայրի վրա լուրջ ազդեցություն ունեցող օբյեկտ: Իրավաբան-էկոլոգը օրենքի այս կետը որակեց որպես զարմանալի եւ անհասկանալի. «ՀԷԿ-երի փաստաթղթաշրջանառությունից սկսած եւ կառուցման գործընթացից ելնելով՝ իրենք գտնվում են բարձր ռիսկային գոտում: Կառուցման եւ հետագա շահագործման գործընթացը շատ դեպքերում ցույց է տվել, որ դա արվում է բնության հաշվին. ոչնչացվում են անտառներ, բերրի հողի տարածքներ, ջրային ավազաններ, կենդանական աշխարհը եւ այլն: Զարմանալի է եւ անհասկանալի՝ ինչի համար ՀԷԿ-երը պետք է գտնվեն ցածր, այլ ոչ թե բարձր ռիսկային գոտում»:
Արթուր Ղազարյանը մտահոգիչ համարեց նաեւ կառավարության կողմից տեսչական ստուգումների կասեցումը 2015 թվականի հուլիսի 30-ի N 839-Ա որոշումով: Նրա կարծիքով՝ կառավարությունն այսպիսով թուլացրեց իր իսկ կողմից իրականացվող վերահսկողությունը: «Եթե կառավարությունը որոշում է կայացրել ընդհանրապես տեսչական գործառույթներ չիրականացնել, մեզ համար ուղղակի անհասկանալի է՝ ինչ նպատակ ունի կառավարությունը՝ կապված տեսչական գործառույթների դադարեցման հետ: Կառավարությունը պետք է անպայման վերսկսի ստուգումները, իսկ ընկերությունները պետք է միշտ զգաստ եւ ձիգ լինեն իրենց գործառույթների մեջ: Դա օրենքով է պայմանավորված, եւ ամբողջ վերահսկողությունը կառավարության վրա է»:




























