Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, փետրվարի 21-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ շնորհվել է ծայրագույն վարդապետական աստիճան:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Հայր Սուրբի ծայրագույն վարդապետական թեզի բանավոր պաշտպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Կարգը կատարվել է ձեռամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի:
Արարողության ավարտին Վահան Սրբազանը, անդրադառնալով Շահե վարդապետի գործունեությանը, իր շնորհավորական խոսքում մասնավորաբար ասել է. «Որպես ավագ եղբայր` տարիների ընթացքում տեսել եմ Հայր Շահեի հոգևոր աճն ու նրա հիանալի աստվածաբանական և առաքելական պատրաստվածությունը: Հայր Սուրբն ակադեմիական բարձր տիտղոսներ է ստացել Ֆրանսիայում և այսօր էլ շարունակում է իր աստվածաբանական հետազոտումները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրատարակելով բազում հոդվածներ և խմբագրելով Մայր Աթոռի ամսագիրը ու զանազան այլ գրքեր»:
Փետրվարի 21-ին, Հայր Շահեին, ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոսպոս Հակոբյանի, ընդունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը Շահե ծայրագույն վարդապետին շնորհել է վարդապետական լանջախաչ:




























