Լոռու մարզի Վահագնի գյուղում այսօր՝ փետրվարի 22-ին սպանված 44-ամյա Նվեր Քոչինյանը երկու անչափահաս երեխաների հայր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վահագնի գյուղապետարանից:
«Խելոք, լավ ընտանիք է: Ինքն էլ բանվորություն էր անում, անասնապահությամբ զբաղվում: Բոլորս զարմացած ենք պատահածով»,- ասաց գյուղապետարանի աշխատակիցը՝ նշելով, որ իրենց դեռ հայտնի չէ՝ ինչ է պատահել:
Նշենք, որ սպանվածը Վահագնիի գյուղապետ Պետրոս Քոչինյանի ազգականն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գիշերը ժամը 1:30-ից 2.00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը:
Սպանության մեջ կասկածվողը նրա համագյուղացին է, որը նաեւ նրա մտերիմ ընկերն է: Մեր տեղեկություններով՝ նրանք միասին աշխատել են ՌԴ-ում, ապա ինչ-որ ֆինանսական հարցերի շուրջ անհամաձայնություններ են եղել, որն էլ վերածվել է թշնամանքի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը որոնում է սպանության մեջ կասկածվող անձին, որն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Կախյանների ընտանիքից է: Կասկածյալի ընտանիքը (7 մարդ), այդ թվում կանայք ու երեխաներ, դաժանաբար սպանվել էին 2000թ-ին:




























