Երեւանի Իսակովի պողոտայում փետրվարի 21-ին տեղի ունեցած հրդեհի բռնկումով ավտովթարից տուժածներից Ա. Դ.-ն միացված է արհեստական շնչառական ապարատին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է տուժածը:

Նրա մոտ առկա են բազմակի պոլիտրավմաներ, վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ-ում փետրվարի 21-ին՝ ժամը 22.36-ին ահազանգ էր ստացվել, որ «Toyota Corolla» մակնիշի 34 TF 757 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին եւ ճամփաբաժան արգելապատնեշին, հրդեհվել: Վարորդը (32-ամյա Աշոտ Պ.) եւ ուղեւորը (26-ամյա Աշոտ Դ.) տեղի ուժերով դուրս էին բերվել ավտոմեքենայից: Աշոտ Պ.-ն տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ, իսկ Աշոտ Դ.-ն` «Էրեբունի» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Ավտոմեքենայի դետալները շպրտվել են մոտակա «Nissan Tida» մակնիշի 39 OS 999 համարանիշի ավտոմեքենայի վրա (վարորդ` Ա. Ա.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 22.51-ին: Այրվել է շարժիչի հատվածը եւ սրահը` մասնակի: