Հայաստանի ամենաուժեղ PR անձը Հենրիխ Մխիթարյանն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ինչ վերաբերում է քաղաքական PR-ին, ապա Հայաստանում «տապոռ» իրավիճակ է, քանի որ քաղաքական գործիչներն ասում են՝ գովում են, PR է, փնովում են, սեւ PR է: Սխալ է նաեւ, որ արտասահմանից մասնագետ են բերում. արտասահմանցին չգիտի՝ հայաստանյան գործիչին ինչ տեսակի PR է հարկավոր»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այսօր ոչ մի քաղաքական գործչի մտքով չի անցնում, որ լրատվամիջոցը կամ լրագրողը կարող է ինչ-որ հոդված գրել՝ առանց որեւէ մեկի միջամտության ու պատվերի. «Հենց մի բան գրում են, ասում են՝ պատվիրված է եւ սկսում են մասսայական տարածել իրենց այս կարծիքը: Այստեղից էլ առաջանում է ծիծաղելի իրավիճակ»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն, ընդհակառակը, կարծում է, որ Հայաստանը PR-ի կարիք չունի, քանի որ ամբողջ աշխարհը մեր երկիրը ճանաչում է: «Քաղաքական գործիչներն էլ չեն հասկանում՝ իրենց ինչ է հարկավոր: Մեծ խնդիր է այստեղ, քանի որ քաղաքական գործիչը չի հասկանում, որ մեկ ամսում կամ մեկ անգամ եթերում հայտնվելով իրենց իմիջի հարցը չեն լուծում»,- ասաց նա: