Թուրքական իշխանամետ Star պարբերականը հերթական սկանդալային հոդվածն է տպագրել՝ ներկայացնելով Դիարբեքիրի քաղաքապետի եւ քուրդ զինյալների միջեւ խոսակցության ենթադրյալ բովանդակությունը։
Իշխանամետ պարբերականը պնդել է, թե օրեր առաջ Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քշանաքը հանդիպել է Սուրի շրջանում թուրքական զորքերի հետ կռվող քուրդ զինյալների հետ՝ նրանց կոչ անելով շարունակել պայքարը։ Իբր քուրդ քաղաքապետը պնդել է, թե ռուսները խոստացել են օգնել ու երկու մեքենա զենք արդեն ճանապարհին է։ Ըստ այդմ, նա պնդել է, որ եթե ժողովուրդն էլ չաջակցի պայքարին, միեւնույն է այն պետք է շարունակել ու Սուրի նոր թաղամասեր ընդգրկել պայքարի մեջ։
Նշվում է, թե իբր PKK-ի ղեկավարությունն էլ իր հերթին Դիարբեքիրի քաղաքապետին հրահանգել է այս փուլում չլքել քաղաքը, եթե խիստ անհրաժեշտություն չկա։
Նշենք, որ արդեն 80 օր Դիարբեքիրի Սուրի շրջանում փողոց դուրս գալու արգելք է, որի ժամանակ թուրք զինվորները գործողություններ են իրականացնում քրդերի դեմ։ Սուրի փողոցներում քրդերը խրամատներ են փորել ու դիմադրում են զինվորներին։





























