Իմ ընկերը չի վիրավորել, չի հայհոյել, դուք եք դավադիտ անում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողներին հայհոյելու փաստին:

«Ինքը չի վիրավորել, եթե իմ ընկերը վատ բան արած լինի, ամոթ չի, ես ներողություն կխնդրեմ, բայց վատ բան չի արել: Չի տվել հայհոյանք, դուք դավադիտ եք անում մարդու, ինձ էլ եք դավադիտ արել»,-ասել է Ալեքսանյանը:

Նա որպես օրինակ բերել է «Երեւան Սիթի»-ում բանակի համար նախատեսված խտացրած կաթ վաճառելու մասին լուրերի տարածումը՝ նշելով. «Հիմա ասենք մի հատ անկապ մեկը գրում ա՝ «Սիթի»-ից առել ա խտացրած կաթ՝ բանակի յառլիկով, ու հետո սկսում եք 2 ամիս այդ հարցերը տալ: Հիմա 300 լրագրող եք, պատկերացրեք, բոլորդ գաք ասեք՝ խտացրած կաթը բանակի  յառլիկով գրած, դա ճի՞շտ ա: Մենք հերքում տվեցինք, բայց էլի 300 հոգի նույն հարցը տալիս եք»:

Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:

Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ պատգամավորին պատժելու պահանջով:

Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:

Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:

Նշենք, որ միջադեպը մի շարք լրատվամիջոցներ տեսանկարրահանել են, սակայն Սեդրակյանն ավելի ուշ պնդել է, որ ինքը չի հայհոյել: