ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի փետրվարի 22-ին` ժամը 01:50-ին, Արմենիա ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կրծքավանդակի թափանցող  եւ զույգ ազդրերի  կտրած-ծակած վերքերով բժշկական օգնության է տեղափոխվել  Երեւան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Ասատրյանը:

Նկատի ունենալով, որ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշեր՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։