Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը մշտապես ապաքաղաքական գործունեություն է ծավալել: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում ՄԻՊ ընտրության քննարկման ժամանակ ասաց Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Բավականին լուրջ անձնավորություն է, ապաքաղաքական գործունեություն է մշտապես ծավալել: Նույնիսկ իր տեսակետներն են եղել բացառապես մասնագիտական»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Արման Թաթոյանն աշխատել է միջազգային կառույցներից մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ունի լուրջ փորձառություն՝ չնայած երիտասարդ տարիքին:
«Նա կարող է փայլուն իրականացնել այն խնդիրները, որոնք դրված են Մարդու իրավունքների պաշտպանի վրա»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի թեկնածությունն առաջարկել է իշխող «Հանրապետական» խմբակցությունը:





























