Հաշվի առնելով հայ ժողովրդի մենթալիտետը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում երկու վարորդները չեն կարող համաձայնության գալ, առանց ապահովագրական ընկերության։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Վարորդների պաշտպանության լիգա» ՀԿ անդամ Պողոս Օղլուկյանը։
Անդրադառնալով ՀՀ կառավարության նոր որոշմանն այն մասին, որ վարորդները կարող են համաձայնության հռչակագիր լրացնել եւ լքել վթարի վայրը առանց ապահովագրողների՝ Օղլուկյանը նշեց, որ դա անհեթեթ է եւ բացարձակ անիմաստ։ «Առանց ճանապարհային ոստիկանի, առհասարակ հնարավոր չէ լուծել այդ հարցը։ Ինչու՞մն է դրա հրատապ ընդունման անհրաժեշտությունը։ Կառավարությունում բոլորն ամենագետ են. որոշում են ընդունում, բայց մի ամիս անց հասկանում են, որ այն չի գործում։ Մենք կողմ ենք, որ ՃՈ-ն մասնակցի այդ գործընթացին՝ հնարավոր նախադեպերը կանխելու համար»,- հավելել է Պողոս Օղլուկյանը։
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, «Վարորդների պաշտպանության լիգա» ՀԿ անդամ Մխիթար Օհանյանի խոսքով՝ պարտադիր ապահովագրության համակարգը կիրառվել է ճանապարհներին խցանումներից խուսափելու համար։ Սակայն վերոհիշյալ որոշումից հետո հանրապետությունում խցանումները միայն ավելի երկար են տեւում։





























