Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընթանում է կայացման ճանապարհով, իսկ բացթողումների պատճառն առաջին հերթին օրենսդրական բացերն են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում ՄԻ պաշտպանի ընտրության քննարկման ժամանակ նշել է պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանին հետաքրքրում էր, թե որոնք են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բացթողումները: «Որոնք են այն անհաջողությունները եւ բացթողումները, որոնց պատճառով ՄԻՊ-ի գրասենյակը՝ որպես ինստիտուտ, չի կայացել, համենայնդեպս հասարակության համար»,- հարց տվեց Թեւան Պողոսյանը, ինչին ի պատասխան օմբուդսմենի թեկնածուն ընդգծեց, որ գրասենյակն ընթանում է կայացման ճանապարհով. «Առաջին հերթին օրենքում կատարվելիք փոփոխություններն են, որոնք նախատեսում էին հասարակական կազմակերպություններին ակտիվ ներգրավվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության մեջ»:

Թեւան Պողոսյանին, սակայն, այս պատասխանը չգոհացրեց. ընդդիմադիր պատասխանը հետաքրքրվեց՝ միթե միայն օրենսդրական բացերն են, քանի որ մշտապես իրենց դա են ասում՝ օրենքները լավը չեն. «Օրենսդրական բացեր ու վե՞րջ»:

«Պրակտիկ առումով էլ խնդիր ունենք, պարոն Պողոսյան, քանի որ դեռեւս հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը ակտիվ չեն աշխատում ՄԻՊ-ի հետ»,- ասաց Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի թեկնածությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջարկել է իշխող «Հանրապետական» խմբակցությունը, որը հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: Այլ թեկնածուներ չկան: