Անհարգալից վերաբերմունք է ՄԻՊ թեկնածուի՝ անկախ պատգամավորների հետ չհանդիպելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ նման դեպքերում թեկնածուները պետք է հանդիպեն ոչ միայն խմբակցությունների ներկայացուցիչների, այլեւ անկախ պատգամավորների հետ:
«Սա նշանակում է՝ դուք չեք հանդիպել մոտ 420 հազար մարդու: Նույնիսկ գլխավոր դատախազի թեկնածուն է հանդիպել անկախ պատգամավորների հետ, վարչապետն է կառավարության ծրագիրը ներկայացնելիս քննարկել անկախ պատգամավորների հետ: Ձեր վարքն անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Արման Թաթոյանը վստահեցրեց, որ ինքը հարգում է յուրաքանչյուրին, առավել եւս Էդմոն Մարուքյանին, որի հետ աշխատել է երկար տարիներ:
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանի թեկնածությունն առաջարկել է իշխող «Հանրապետական» խմբակցությունը, իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն էլ հաստատել է թեկնածությունն ու ուղարկել խորհրդարան:
Թաթոյանը օրերս հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ, բացառությամբ ՀԱԿ-ի:





























