Փետրվարի 19-ին կալանավորված Վարդգես Գասպարիի առողջական վիճակի մասին գրավոր կամ բանավոր բողոք չի եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Օգտվելով 21-րդ դարի մեթոդներից՝  SMS մեթոդներից, ստացել եմ հստակ տեղեկություն, որ նրա առողջական վիճակից ոչ բանավոր, ոչ գրավոր բողոք չի եղել, նրա առողջական վիճակը բավարար է: Սա պաշտոնական հայտնեցին ինձ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Գասպարիին կալանավորելու հիմքերին, Շարմազանովը վստահեցրեց, որ համապատասխան իրավապահ մարմինները նշում են, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չի եղել. «Պարոն Գասպարին ստորագրությամբ չպետք է երկրից բացակայեր, սակայն բազմաթիվ անգամներ խախտել է այդ որոշումը եւ, հետեւաբար, նրա խափանման միջոցը կարող է փոխվել այլ խափանման միջոցով, այդ թվում, կալանքով: Դա նշանակում է, որ կալանքը բացառապես իրավական շրջանակներում է»:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներն այսօր իշխող «Հանրապետական» խմբակցությունից պահանջեցին http://news.am/arm/news/312963.html հետաքրքրվել Գասպարիի առողջական վիճակով եւ տեղեկություններ հաղորդել իրենց:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական է մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Գասպարին կալանավորվել է փետրվարի 19-ին: