Դրանք ԲՀԿ-ի ներկուսակցական խնդիրներն են: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով փաստին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հրաժարվել է ԲՀԿ խոսնակի պարտականություններից:

«Մեր ներկուսակցական խնդիրներն են դրանք: Ես չեմ պատրաստվում մեր ներկուսակցական խնդիրների մասին բարձրաձայնել, քննարկել: Վահան Բաբայանն ինքն է ներկայացրել, որ պատրաստվում է հրաժարվել խոսնակի գործառույթից, մենք ընդունել ենք դա եւ առաջիկայում կքննարկենք խոսնակի թեկնածուի հարցը»,-նշել է Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այլեւս չի իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Նա Facebook-ի իր էջում գրել էր հետեւյալը.

«Հարգելի լրագրողներ ես այսուհետ չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Դա իմ անձնական որոշումն է։

Շնորհակալ եմ համատեղ եւ հետաքրքիր աշխատանքի համար»: