ՀԱԿ-ն անհանդուրժելի է համարում հարձակումները լրագրողների նկատմամբ, ինչ հարաբերություններ էլ պատգամավորներն ունենան լրագրողների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողներին հայհոյելու փաստին:
«Լրագրողը կատարում է իր պարտականությունները եւ եթե, առավել եւս դու պատգամավոր ես, դու պարտավոր ես օգնել լրագրողին իր պարտականությունների կատարման գործում՝ անկախ նրանից՝ քո քիմքով է նրա արածը, թե ոչ»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ գողական են գնում ԱԺ-ում, Զուրաբյանն արձագանքել է. «Դե հիմա, ինչ անենք, որ գողերի պառլամենտ է: Դե եթե գողական իշխանություն ունեք, պառլամենտն էլ պետք է գողական լինի: Չեմ կարծում, թե անակնկալ կա որեւէ մեկի համար:
ՀԱԿ-ը դատապարտում է նման կեցվածքը, նաեւ կոնկրետ կապված Մհեր Սեդրակյանի արարքի հետ, մենք միշտ էլ համերաշխ ենք լինելու լրագրողների հետ, որովհետեւ խոսքի ազատությունը եղել է, կա եւ լինելու է մեր դավանած ամենամեծ արժեքներից մեկը»:
Հարցին, թե կմիանա՞ լրագրողների բողոքի ակցիային, որը տեղի է ունենալու փետրվարի 23-ին, ԱԺ-ում՝ ընդդեմ Սեդրակյանի վարքի, Զուրաբյանը պատասխանել է. «Ես մեծ հաճույքով կմիանամ ակցիային, եթե կոչը գրագետ ձեւակերպված լինի»:
Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:
Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ պատգամավորին պատժելու պահանջով:
Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:
Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:
Նշենք, որ միջադեպը մի շարք լրատվամիջոցներ տեսանկարրահանել են, սակայն Սեդրակյանն ավելի ուշ պնդել է, որ ինքը չի հայհոյել:





























