Լրագրողների եւ պատգամավորների հարաբերությունները պետք է խարսխված լինեն փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը` անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողներին հայհոյելու փաստին:
Դիտարկմանը, որ ԱԺ-ում գործող պատժամիջոցները չեն սթափեցնում որոշ պատգամավորների, նա արձագանքել է. «Խնդիրն այն է, որ այլ պատասխանատվության միջոց կիրառել դեռեւս հնարավոր չէ գոյություն ունեցող իրավական կարգավորումների շրջանակում: Ինչ վերաբերում է նման դեպքերին, իմ կողմից դրանք մշտապես դատապարտվել են, իսկ պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորությունը այսօր մեր իրավական համակարգը հնարավորություն չի տալիս»:
Ինչ վերաբերում է լրագրողների կողմից Մհեր Սեդրակյանի դեմ ստորագրահավաքի կազմակերպելում, Էլինար Վարդանյանն ասաց. «Իմ կարծիքով, լրագրողները պետք է ակցիան իրականացնեն, իսկ ես հստակ կպատասխանեմ տեքստին ծանոթանալուց հետո»:
Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:
Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ պատգամավորին պատժելու պահանջով: Լրագրողները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել:
Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:
Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:
Նշենք, որ միջադեպը մի շարք լրատվամիջոցներ տեսանկարրահանել են, սակայն Սեդրակյանն ավելի ուշ պնդել է, որ ինքը չի հայհոյել:





























