Աշխարհի եզդիների միության եւ Հայաստանի եզդի համայնքի ղեկավար  Ազիզ Թամոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական լրատվամիջոցների կողմից փաստերը խեղաթյուրելու հետ:

Այսպես, Ադրբեջանի քարոզչական մեքենան փորձ է արել սահմանին զոհված եզդի զինվորներին ներկայացնել որպես «քուրդ ահաբեկիչներ»:

Ազիզ Թամոյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերին ադրբեջանցի քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում հայ-ադրբեջանական սահմանում զոհված ազգությամբ եզդի զինծառայողներին որպես ահաբեկիչներ ներկայացնելու համար եւ կեղծ տեղեկություններ են տարածում իբր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` եզդիական համայնքի նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ:

Նման կեղծիքի տարածումը ուղղված է ոչ միայն եզդի ժողովրդի դեմ, այլեւ պետական մակարդակով հայերի հանդեպ Ադրբեջանում արմատավորված ատելության մթնոլորտի տարածման նպատակ ունի:

 Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ որեւէ բռնաճշում, որեւէ խտրականություն չի կիրառվում: Հայ ու եզդի ժողովուրդները դարավոր բարեկամներ են, ու այսօր էլ ՀՀ-ում բնակվում է մոտ 60 հազար եզդի: Ի տարբերություն աշխարհի շատ երկրների` Հայաստանում եզդիների իրավունքները պաշտպանված են օրենքով: 32 դպրոցներում դասավանդվում է եզդիերեն, համայնքն ունի եզդիերեն ռադիոհեռարձակման ժամեր:

Եզդի ժողովրդի զավակները հայ ժողովրդի եւ Հայաստանում բնակվող ազգային այլ փոքրամասնությունների` եզդի, ասորի, հույն, քուրդ, ռուս, հրեա, լեհ, ուկրաինացի քաղաքացիների հետ միասին մասնակցում են Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Մեծ է եզդի ժողովրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանությանը: Արցախյան պատերազմի տարիներին եզդիների 500 հոգանոց ջոկատը կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին, եւ այսօր էլ եզդի պատանիները, որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հետ միասին պատվով ծառայում են զինված ուժերում:

Վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ամեն քաղաքացի, այստեղ ազատորեն բնակվող եզդիները պատրաստ են Հայկական բանակի զինվորների հետ միասին պաշտպանել սահմանները թշնամիների հարձակումներից եւ ոտնձգություններից»: