Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երեւանում իր առաքելությունն ավարտող ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:
Ինչպես հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են պաշտպանական գերատեսչության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Անդրեյ Սորոկինի անձնական ներդրումը հարաբերությունների զարգացման, Հայաստանի ԶՈւ-ում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման գործում ԵԱՀԿ աջակցության եւ Մարդասիրական ականազերծման կենտրոնում հաստատութենական հնարավորությունների զարգացման ծրագրերի իրականացման գործում:
Դեսպան Անդրեյ Սորոկինը Պաշտպանության նախարարությանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար` նշելով, որ այն բարձր մակարդակում է եւ հետագայում կարող է նոր ուղղություններ ընդգրկել:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը Անդրեյ Սորոկինին հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում եւ անձնական կյանքում:





























