Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն այսօր՝ փետրվարի 22-ին հանդիպել է ակտիվիստների հետ, որոնք բողոքում են Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի պահպանված ֆասադի ապամոնտաժման դեմ: Այս մասին NEWS.am-ին ասաց ակտիվիստներից Սեդա Գրիգորյանը՝ նշելով, որ ճարտարապետին հանդիպել են գրադարանի շենքի մոտ, նա իրենց ասել է, որ քանդվում է ոչ թե ֆասադը, այլ  նրա այն հատվածը, որն իրենից մշակութային արժեք չի ներկայացնում:

Տիգրան Բարսեղյանը ակտիվիստներին վստահեցրել է նաեւ, որ շինարարական ընկերությունը կտուգանվի առանց նախագիծը համապատասխան վայրում փակցնելու՝ շինարարությունը սկսելու համար:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ակտիվիստներն ահազանգել էին, որ քանդում են Իսահակյանի գրադարանի նախկին շենքի՝ որպես մշակութային արժեք պահպանված հատվածը՝ ֆասադը: Նրանք հավաքվել էին գրադարանի նախկին շենքի մոտ, ինչից հետո քանդման աշխատանքները դադարեցվել էին: