ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հրաժարվում է մեկնաբանել հարցը, թե արդյոք հետեւություն արե՞լ է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի որոշումից, որով ուրիշի փոխարեն քվեարկելու համար նաեւ իր վարքն է համարվել էթիկայի նորմերի խախտում:
NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ հետեւություն է արել պատգամավորը այդ որոշումից, հաջորդ անգամ կքվեարկի՞ ուրիշի փոխարեն, Առաքելյանը հորդորեց լուրջ գործով զբաղվել: «Լուրջ գործով զբաղվեք, հիմա ամեն օր պիտի հարցնեք` ի՞նչ եմ անելու»,-տարակուսեց Բազմասեր Առաքելյանը:
Նա նաեւ հրաժարվեց հստակ նշել, թե իր համար որեւէ նշանակություն ունի այդ որոշումը, թե ոչ:
Նշենք,այն պատգամավորների թվում է, որոնք քվեարկել էին ուրիշի փոխարեն եւ էթիկայի հանձնաժողովը նրանց վարքագիծը ճանաչել էր պատգամավորի վարքագծի էթիկայի խախտում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը փետրվարի 18-ի իր նիստում որոշել է, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները խախտել են էթիկայի նորմերը:
Պատգամավորի էթիկայի նորմերը խախտած պատգամավորները 7-ն են՝ 5-ը ՀՀԿ-ական, 2-ը՝ ԲՀԿ-ական:
Հիշեցնենք, որ լրագրող Լիլիթ Լալայանը տեսագրել էր՝ ինչպես են պատգամավորները քվեարկում իրենց գործընկերների փոխարեն: Լալայանը տեսագրությունը ներկայացրել էր էթիկայի հանձնաժողով:
Նշենք, որ այս խմբի մեջ էր նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), որը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով էթիկայի հանձնաժողովի որոշմանը` պնդել էր. «Ոնց ուզեմ ըտենց էլ կանեմ»:





























