Անցած տարվա ամռանը մորը սպանելու եւ դին հորում թաքցնելու մեջ մեղադրվող Հայկազ Նազարյանը հանցանքը գործել է անմեղսունակության վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Նազարյանի պաշտպան Անուշ Մխիթարյանը:
«Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 24-ին կքննարկի Նազարյանին հարկադիր բուժման ուղարկելու հարցը»,- ասաց Անուշ Մխիթարյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 54-ամյա Հայկազ Նազարյանն անմեղսունակության վիճակում սպանել է մորը եւ դին թաքցրել ավտոտնակի հորում:
Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասին:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. օոստոսի 28-ին ժամը 21:00-ին 52-ամյա Անահիտ Նազարյանը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ մայրը բնակվում է իր եղբոր՝ Հայկազ Նազարյանի հետ, եւ եղբայրը շուրջ մեկ ամիս է՝ թույլ չի տալիս տեսակցել մորը:
Դուստրն օգոստոսի 28-ին կրկին գնացել է եղբոր տուն, սակայն վերջինս դուռը չի բացել: Քույրը ճարահատյալ զանգահարել է ոստիկանություն եւ ոստիկանների միջամտությամբ մտնելով տուն` մորը այնտեղ չի գտել, իսկ եղբայրը հայտնել է, որ շուրջ մեկ ամիս է՝ նա հեռացել է տնից, եւ ինքը մոր գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:
Օգոստոսի 29-ին, ժամը 16-ին, Շահումյան փողոցի թիվ 154 տանը կից ավտոտնակի վերանորոգման փոսում, հողում թաղված վիճակում, հայտնաբերվել է Արաքսյա Հարությունյանի դիակը` բռնության հետքերով:




























