Հրանտ Բագրատյանը ստեղծագործ միտք ունի, բայց քաղաքականության մեջ երբեմն կան ռեալ իրավիճակներ, որոնք ռեալ լուծումներ են պահանջում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով պատգամավոր Հրանտ Բագրատյանի` միասնական դաշինքով 2017 թվականի ընտրություններին մասնակցելու առաջարկին:

«Շատ ցանկալի է, եթե ընդդիմադիր դաշտի համախմբում լիներ: Հրանտ Բագրատյանն ինքը ստեղծագործ միտք ունի, բայց քաղաքականության մեջ երբեմն կան ռեալ իրավիճակներ, որոնք ռեալ լուծումներ են պահանջում: Ընդհանրապես հիմա շատ վաղ է խոսել համախմբումների մասին: Ցանկացած քաղաքական ուժ, եթե դա ոչ թե մի քանի հոգու միություն է, այլ քաղաքական ուժ, պարտավոր է ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված հետամուտ լինել իր քաղաքական օրակարգին»,-ասաց Քոքոբելյանը:

Նա չբացառեց, որ քննարկումներ ընթանում են տարբեր քաղաքական գործիչների ու ուժերի հետ համախմբման, միավորման օրակարգի շուրջ, սակայն նշեց, որ դա չպետք է լինի միայն Ազգային ժողով մուտք գործելու նպատակով: «Ես չեմ ասում, որ միավորում ու համախմբում չի լինելու: Մենք երբեւիցէ բաց չենք թողել համախմբվելու պահը, ես գտնում եմ, որ ազատական գործիչները, որոնք ի վիճակի են իրենց սկզբունքներին տեր կանգնելու, իսկ քաղաքականության մեջ շատ էական խնդիր են սկզբունքներ պահելը, կարողանան ստեղծել համախմբում: Բայց դա չպետք է լինի հանուն խորհրդարան մտնելու: Այսօրվա քաղաքական դաշտի թիվ մեկ օրակարգը համախմբումը չէ»:

Ժառանգության հետ միասնական դաշինքով խորհրդարան մուտք գործած Խաչատուր Քոքոբելյանը վստահեցնում է, որ 2017-ին իրենք խնդիր չունեն: «Ես չեմ ասում` դեմ եմ, բայց խորհրդարան մտնելու խնդիր մենք չունենք, եւ չի կարելի համախմբումները դիտարկել ԱԺ մուտք գործելու նպատակով: Ցավում եմ, որ «Ժառանգության» հետ համախմբումը չստացվեց, չեմ ուզում խոսել դրա մասին, այն ժամանակ էլ պառլամենտ մտնելու հետ չէր կապված, մեծ քաղաքական օրակարգ կար, ու հիմա չեմ ուզում անդրադառնալ` ինչ պատճառով չստացվեց: Ուզում եմ կրկին շեշտել` գրոշի արժեք չունի այն համախմբումը, որը տեխնիկական խնդիրներ լուծելու նպատակով է»: