Վրաստանի բնակչության մեծ մասը լիարժեք չի սնվում ապրանքների բարձր գնի եւ ցածր եկամտի հետեւանքով: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանում միջազգային Oxfam կազմակերպության ներկայացուցիչ Լեւան Դադիանին, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»:
«Արժե նշել, որ երկրի բնակչության 21 տոկոսը մշտապես պարտքով է սնունդ գնում, 39 տոկոսը պարբերաբար է պարտքով սնունդ գնում: Սա մարդկանց այն կարգն է, որի եկամուտը չի գերազանցում ամիսը 1 հազար լարին (մոտ 404 դոլար): Նրանց մեծամասնությունը չի կարող իրեն թույլ տալ միս, ձուկ, միրգ գնել», — ասել է Դադիանին:
Մթերքի տասը հիմնական կարգերից (միս, ձուկ, բանջարեղեն, մրգեր, ձավարեղեն եւ այլն), որոնք անհրաժեշտ են մարդու առողջությանը, Վրաստանի բնակչության մեծ մասն իրեն կարող է թույլ տալ միայն հինգը:
«Կան նաեւ այնպիսի խմբեր, որոնք կարող են թույլ տալ միայն երեք կամ չորս կարգ: Այդ խմբի մեջ են մտնում թոշակառուները, որոնք կարող են միայն երկու կամ երեք տեսակ թույլ տալ: Հիմնականում դա հացաբուլկեղենն է եւ ածխաջրերը», — նշել է Դադիանին:
Առավել տագնապալի է երիտասարդության հետ կապված իրավիճակը, որի մեծ մասը չի ստանում ճարպոտ եւ սպիտակուցային սննդի անհրաժեշտ քանակությունը, ինչը սառեցնում է աճը եւ մտավոր զարգացումը: Ոչ լիարժեք սնունդը հանգեցնում է դիաբետի, սիրտ-անոթային եւ այլ հիվանդությունների զարգացման, ասել է Դադիանին:
Այն ընտանիքները, որոնց եկամուտը գերազանցում է 1 հազար լարին եւ մոտավորապես 1,5 հազար լարի (մոտ 607 դոլար) է կազմում, սննդի վրա ծախսում են իրենց եկամտի 35 տոկոսը, ինչը եւս բարձր ցուցանիշ է: Զարգացած երկրներում սննդի վրա ամսական ծախսը չի գերազանցում 15 տոկոսը, պարզաբանել է նա:
Այսօրվա դրությամբ Վրաստանի բնակչության 85 տոկոսը բանկերից վարկեր է վերցրել, դա հիմնականում կապված է առողջապահության, սննդի եւ կրթության հետ կապված պահանջների հետ:



























