Նախաքննության ընթացքում չի ստուգվել արդյոք քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի` «Կայարանցի Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանին սպանությունը կազմակերպելու էական դրդապատճառներ կարո՞ղ էին ունենալ նրա ռուս ծանոթները: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը:

«Արթուր Սաֆարյանը Ռուսաստանում կապեր է ունեցել, սակայն քննությունը չի ստուգել, թե արդյոք այդ մարդիկ էական դրդապատճառներ չեն ունեցել նրա սպանությունը կազմակերպելու կամ կատարելու համար»,-ասաց պաշտպանը:

Հեկտոր Սարդարյանի խոսքով` այս ենթատեքստում էական նշանակություն ունեն սպանված Արթուր Սաֆարյանի մտերմուհի Անի Հովհաննիսյանի ցուցմունքները:

«Նրա ցուցմունքները սակայն եւս չեն ստուգվել, իսկ դրանք հրապարակելն այժմ նպատակահարմար չեմ համարում»,-նշեց պաշտպանը:

Ապացույցների հրապարակումից հետո Հեկտոր Սարդարյանը հայտարարեց, որ պատկերը չի փոխվում, եւ եւս մեկ անգամ հաստատվեց, որ սպանության «իմիտացիա» է արվել:

Այս հայտարարաությունը պաշտպանը արեց այն բանից հետո, երբ մեղադրողը հրապարակեց, որ Արթուր Սաֆարյանի սպանության պատվերը կատարած, ապա ավելի ուշ սպանված Մովսես Ներսիսյանի մեքենայի բեռնախցիկում կողմնակի անձի արյան հետքեր չեն հայտնաբերվել: Իսկ «Մագնում» հյուրանոցի սենյակում Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո ընդամենը արյան մի քանի կաթիլ են հայտնաբերել:

«Ուղղակի անհնար է պատկերացնել, որ դիակի տեղափոխումը արյան հետքեր չի առաջացրել: Սենյակում արյան կաթիլներ են հայտնաբերել, ասեղի ծայրի չափ, եթե նույնիսկ արյունը մաքրվել է, ապա տեղը կառանձնանար: Ինչպե՞ս կարող էր սպանություն լիներ եւ արյան հետքեր չլինեին»,-ասաց պաշտպանը:

Մեղադրողը հակադարձեց, որ դա ընդամենը պաշտպանական կողմի տեսակետն է:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 2–րդ մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: