ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը դատապարտում է վատ վերաբերմունքը, բայց չի լսել, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյել է լրագրողներին։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր գործընկերոջ պահվածքը՝ նա ասել է. «Ես չեմ լսել դա անձամբ, լրագրողներից եմ տեղեկացել եւ չեմ կարող չտեսածիս ու չլսածիս մասին բան ասել, ընդհանրապես դատապարտում եմ ոչ միայն պատգամավորի եւ լրագրողի, այլ ընդհանրապես միմյանց նկատմամբ մարդկանց վատ վերաբերմունքը»:

Անդրադառնալով հաջորդ խորհրդարանում իր լինել-չլինելու հարցին, նա նշեց, որ դեմ չէ ԱԺ-ի երիտասարդացմանը: «Ես երիտասարդների մտածելակերպին դրական եմ վերաբերում ու խնդիր չեմ տեսնում, որ փոխարինեն երիտասարդները: Կգա ժամանակը, կերեւա` ինձ ինչ է սպասվում, ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ես անձեռնմխելի չեմ, ընտրվել եմ 1991 թվականից, Գերագույն խորհրդի ժամանակներից մինչեւ այսօր հիմնականում մեծամասնական տարածքից եմ դարձել պատգամավոր, եւ դա չի բերել նրան, որ ես անձեռնմխելի ձեւով շարունակեմ դառնալ պատգամավոր»,-ասաց Բադալյանը:

Պատգամավորը, որը նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, ասել է, թե  Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական հարցեր չի քննարկում Վոլոդյա Բադալյանը։ «Ես Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական հարցեր չեմ քննարկում, այդ պատճառով չեմ կարող ասել` նա ինչ մտադրություններ ունի»,-ասաց Վոլոդյա Բադալյանը: