Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանը հանձնարարվել է գույքագրել եւ ապամոնտաժել մայթերին տեղադրված եւ քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ գովազդային վահանակների տեղադրման թույլտվություն տրամադրելիս որեւէ կերպ հաշվի չի առնվում քաղաքացիների տեղաշարժի խոչընդոտ լինելու հանգամանքը, մինչդեռ այդ մասով հստակ է մեր պահանջը: Բայց այդ պահանջը ոմանք շրջանցում են ու այս հարցում մեղավորության մեծ բաժինը հենց մեր պատասխանատուներինն է, ովքեր պարտավոր են լինել տեղում եւ վերահսկել, որ դրանք տեղադրվեն սահմանված հատվածում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կկամենա պատվիրատուն: Գույքագրեք առկա գովազդային վահանակներն ու որոնք խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը, համապատասխան քայլեր ձեռնարկեք դրանց ապամոնտաժման ու սահմանված հատված տեղափոխելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























