«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում մամուլի նոր քարտուղար են փնտրում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս պահին կուսակցությունում քննարկում են երկու թեկնածություն, որոնցից մեկն ընդհանրապես անհայտ է լրագրողական հանրությանը։
Քննարկվող թեկնածուներից մեկը լրագրող, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի նախագահ Վանիկ Էլիզբարյանն է, որը ԲՀԿ անդամ է, նրա անունը կուսակցության համամասնական ընտրացուցակում է։ Էլիզբարյանը լավ ճանաչված է լրագրողական հանրույթում։ Իսկ երկրորդ թեկնածուն, ըստ մեր աղբյուրի, ԲՀԿ տարածքային կառույցներից մեկի ղեկավարն է, երբեւէ առնչություն չի ունեցել լրագրողների հետ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այլեւս չի իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Նա Facebook-ի իր էջում գրել էր հետեւյալը. «Հարգելի լրագրողներ, ես այսուհետ չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Դա իմ անձնական որոշումն է։ Շնորհակալ եմ համատեղ եւ հետաքրքիր աշխատանքի համար»:
Իսկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, դրանք իրենց ներկուսակցական խնդիրներն են։ «Ես չեմ պատրաստվում մեր ներկուսակցական խնդիրների մասին բարձրաձայնել, քննարկել: Վահան Բաբայանն ինքն է ներկայացրել, որ պատրաստվում է հրաժարվել խոսնակի գործառույթից, մենք ընդունել ենք դա եւ առաջիկայում կքննարկենք խոսնակի թեկնածուի հարցը»,-նշել էր Զոհրաբյանը:





























