Հայաստանի ՄԻՊ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին առաջադրել է խորհրդարանական մեծամասնությունը, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Այս մասին փետրվարի 22-ին խորհրդարանում ասել է ինքը՝ ՄԻՊ թեկնածուն՝  պատասխանելով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, ով խնդրել էր բավարար ապացույցներ ներկայացնել, որ Թաթոյանը իշխանության դրածոն չէ։

Թաթոյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունում զբաղվել է բացառապես մասնագիտական եւ ոչ թե քաղաքական հարցերով եւ ինքնուրույնության բավականաչափ մակարդակ է ունեցել։ «Ինձ առաջադրել է խորհրդարանական մեծամասնությունը, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Սահմանադրությունը պաշտպանում է օմբուդսմենին այնպիսի երաշխիքներով, որ  աշխատանքի ճիշտ սկզբունքների դեպքում բոլոր խնդիրները լուծելի են։ Իսկ իմ բարոյական սկզբունքները թելադրում են ինձ փնտրել անգամ ամենադժվար հարցերի լուծման ճանապարհները եւ դրանք հասցնել մինչեւ վերջ»,- ասել է Թաթոյանը։