«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր՝ փետրվարի 22-ին, սկսել են իրենց մեկօրյա ակցիան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց՝ ի աջակցություն իրենց համախոհ, կալանավորված Գեւորգ Սաֆարյանի: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են խարույկ վառելու համար փայտ, լուսարձակ, նստարաններ, ինքնաեռ, ծածկոցներ՝ հիմնարկի դիմաց գիշերելու մտադրությամբ: Նրանք ակցիան կանցկացնեն ազգային երգ ու պարով, ելույթներով, այն կտեւի  մինչեւ փետրվարի 23-ը՝ ժամը 20:00-ը:

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներից մեկը մոտեցել է ակցիայի մասնակինցերին եւ տեղեկացրել, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի տարածքը հատուկ նշանակության տարածք է եւ այդտեղ չի թույլատրվում ակցիա անել, ինչից հետո ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին հիմնարկից մի փոքր հեռու:

Ցուցարարները ակցիայի վայրում տեղադրել են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Գեւորգ Սաֆարյանին» պաստառներ: Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: