«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին թույլ չեն տալիս ի աջակցություն իրենց համախոս, կալանավորված Գեւորգ Սաֆարյանի բողոքի ակցիա անցակցնել Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկն ու պահանջեց փոխել ակցիայի վայրը՝ պատճառաբանելով, որ այն խաթարում է կալանավորների առօրյան ու կարող է վատ ազդեցություն ունենալ նրանց վարքի վրա: Աշխատակիցը պահանջեց, որ ակցիան այնպիսի վայրում անեն, որ կալանավորների եւ դատապարտյալների խցերից նրանք չերեւան եւ նրանց ձայնը չլսվի ՔԿՀ-ում:
«Դուք պետք է հասկանաք, թե որտեղ եք ակցիա իրականացնում: Արդեն իսկ խցերում այս ակցիայի պատճառով իրավիճակի փոփոխություն է նկատվում, պահանջում ենք այս տարածքից հեռանալ, դուք պետք է զուսպ գտնվեք»,- ասաց ՔԿՀ ներկայացուցիչը, որը հրաժարվեց ներեկայանալ:
Ակցիայի մասնակիցները շարունակում են իրենց ակցիան իրականացնել եւ չեն պատրաստվում հեռանալ:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:





























