Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քվեարկությանն ընդառաջ ԲՀԿ խմբակցությունում կրկին կրքեր են բորբոքվել: Կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի պաշտոնական դիրքորոշումն է դեմ քվեարկել իշխանության թեկնածուին, մինչդեռ Վահան Բաբայանն արդեն հայտարարել է` քվեարկելու է Արման Թաթոյանի օգտին: Ավելին` քվեարկությունից առաջ նա հրաժարվել է կուսակցության խոսնակի գործառույթից:

Վահան Բաբայանը դժվարանում է իր անձնական դիրքորոշմանը հակասող կուսակցության պաշտոնական դիրքորոշումը հայտնել լրատվամիջոցներին: Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում: «Կուսակցությունից դուրս գալու խնդիր չկա, չի էլ եղել: Խոսքը վերաբերում է կուսակցության պաշտոնական տեսակետները հայտնելուն, որից ես հրաժարվում եմ»,-ասաց Բաբայանը:

Կուսակցության պաշտոնական դիրքորոշումների հետ համաձայն չլինելով հանդերձ` նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն պետք է լինի ամուր կուսակցություն:

Նշենք, որ նրա այս քայլը անակնկալ է եղել խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար: ԲՀԿ-ականների խոսքով` սա ուրբաթ օրվա արտահերթ նիստի հետեւանքն է եղել, երբ Միքայել Մելքումյանը ամբիոնից սրտնեղել է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու եւ իրենց կոալիցիա չհրավիրելու կապակցությամբ, ինչից հետո խմբակցությունում տհաճ քննարկումներ են եղել:

Նաիրա Զոհրաբյանին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ ինքը բազմիցս հայտարարել է կոալիցիա կազմելու թեման փակված լինելու մասին, մինչդեռ կոալիցիայի նկրտումներ ունեցող թեւը ի դեմս Մելքումյանի պահը չի կորցնում ամբիոնից դրա մասին հայտարարություններ անելու: Թե ինչպես կհանգուցալուծվեն տարաձայնությունները եւ ով կլքի ԲՀԿ-ն, դեռեւս հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ իրավիճակն ավելի կսրվի 2017-ի պատգամավորական ցուցակում տեղերը բաշխելու փուլում: