Իշխանության հետ կապված մարդիկ, ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, փոխվում են: Փետրվարի 22-ին Հայաստանի Ազգային ժողովում օմբուդսմենի պաշտոնում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա ափսոսանք հայտնեց, որ չի առաջադրվել «Ժառանգություն»-ից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ում օգտին անպայման կքվեարկեր:

Հասարակության ընկալմամբ՝ Թաթոյանն իշխանության դրածոն է, քանի որ կառավարությունում պաշտոն է զբաղեցնում, սակայն նախորդ նշանակումների պատմությունը ցույց է տալիս, որ օմբուդսմենի պաշտոնում մարդիկ բոլորի համար անսպասելի սկզբունքայնություն են դրսեւորում:

Լարիսա Ալավերդյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգստանի հետ համագործակցության փորձ ուներ, եւ հանրությանն այդ մասին հայտնի էր: Սակայն իր սկզբունքայնությամբ փոխեց կարծիքն այն մասին, որ իշխանությունների կամակատարն է:

Այնուհետեւ եկավ Արմեն Հարությունյանը: Նրան ավելի շատ էին իշխանամետ համարում: Սակայն 2008 թվականին նա բոլորի համար անսպասելի քայլ արեց՝ մարտի 1-ի իրադարձությունների շուրջ բավական անաչառ զեկույց ներկայացնելով:

Կարեն Անդրեասյանը հայտնի էր իշխանության հստակ ներկայացուցիչների հետ շատ հստակ կապերով: Սակայն վերջին երեք տարիներին նա իր աշխատանքը կատարում էր շատ բարձր մակարդակով եւ, ըստ Փաշինյանի, ստիպված եղավ հրաժարական ներկայացնել, քանի որ հեռացավ իշխանությունների նախանշած ուղուց:

«Ուզում եմ մտածել, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացման հստակ ճանապարհ է անցել: Այն ինչ-որ առումով այդ պաշտոնը զբաղեցնողներին ստիպում է հետեւել որոշակի իմիջի եւ վարքագծի: Այդ պատճառով պաշտոնի նոր հավակնորդներին հարկավոր է որոշակի վստահությամբ վերաբերվել, ոչ թե հակառակը: Պետական ծառայության մեջ միջին օղակի մասնագետների շրջան է ձեւավորվել: Նրանց ընդունել են, որպեսզի իշխանությունը կարողանա իր իրական դեմքը քողարկել կրթված եւ գործունյա մարդկանցով: Ցավոք, նրանց սահմանափակում են: Բայց մենք գիտենք, որ դուք կաք, եւ որ անում եք հնարավոր ամեն ինչ, չնայած քիչ բան կարող եք անել: Իսկ մենք ուզում ենք ձեզ օգնել ավելին անել հանուն Հայաստանի բարօրության»,- ամփոփեց Փաշինյանը: