Ակտիվիստները մշտական հսկողություն կսահմանեն Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի մոտ՝ թույլ չտալու համար քանդել շենքի պահպանված ֆասադը: Այս մասին ակսօր` փետրվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Միքայել Նահապետյանը:

Ակտիվիստների խոսքով՝ թեպետ քաղաքապետարանը վստահեցրել է, որ ֆասադի՝  պատմամշակութային արժեք ներկայացնող հատվածը չի քանդվելու, իրենք վստահություն չունեն քաղաքապետարանի նկատմամբ ու պատրաստվում են անձամբ հսկողություն սահմանել:

«Խոստումներ շատ ենք լսել, Արամի 30 շենքի, Աֆրիկյանների տան հետ կապված էլ էին խոստումներ տալիս, բայց փորձը հակառակը ցույց տվեց»,- ասաց նրանցից մեկը:

Ակտիվիստներ նշում են նաեւ, որ փետրվարի 20-ին շենքի ճակատային հատվածի ապամոնտաժումն սկսվել եւ իրականացվել է օրենքի խախտումներով:

«Քաղաքաշինության  մասին օրենքն է խախտվել. շինարարարական կազմակերպությունը պարտավոր է քաղաքացիներին տեսանելի վայրում փակցել ավարտուն տեսքի նկարը, թե ինչ է կառուցվում եւ ինչպիսի տեսք է ունենալու: Կառուցապատող ընկերության տվյալները եւս պետք է փակցված լինեին, բայց չկան»,- նշեց Միքայել Նահապետյանը:

Ակտիվիստները շինհրապարակն առանձնացնող պաստառներին, ի թիվս այլ գրառումների, նշել էին նաեւ` «Սա ցուցանակ է այստեղ կառուցվելիք շենքի մասին»: խախտումների վերացման նրանց  պահանջներին ի պատասխան`  քաղաքապետարանից վստահեցրել են` դրանք շուտով կվերացվեն եւ արդեն այսօր նկարը փակցված կլինի:

Հիշեցնենք, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն այսօր՝ փետրվարի 22-ին հանդիպել է ակտիվիստների հետ, որոնք բողոքում էին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի պահպանված ֆասադի ապամոնտաժման դեմ: Նա նշել է, որ քանդվում է գրադարանի նախկին շենքի այն հատվածը, որն իրենից մշակութային արժեք չի ներկայացնում: Տիգրան Բարսեղյանը ակտիվիստներին վստահեցրել է նաեւ, որ շինարարական ընկերությունը կտուգանվի առանց նախագիծը համապատասխան վայրում փակցնելու՝ շինարարությունը սկսելու համար: