«Թեղուտ» ՓԲԸ-ն չի պարզաբանում՝ հանքավայրում փետրվարի 21-ին քաղաքացու՝ հորանն ընկնելը տեխնիկական անվտանգության կանոնների խախտման հետեւաքով է եղել, թե ոչ:
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ընկերության մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը հավաստիացրել է, որ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող իրավաբանական անձ, իրենք կատարում են օրենսդրությամբ սահմանված պարտականությունները՝ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում:
Աշխատակիցը լեռնահանքային համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի ջարդված հանքաքարի պահեստում պլանային չափման աշխատանքներ կատարելու ժամանակ է հորանն ընկել:
Մահացածը՝ 57-ամյա Հայկ Սարգսյանը, ընկերության լեռնահանքային վարչության ինժեներական ծառայության մարկշեյդերական բաժնի առաջատար մարկշեյդեր էր:
Հիշեցնենք, որ փրկարարաներին 4 ժամ էր պահանջվել աշխատակցի դին հորանից դուրս բերելու համար: Մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ էր:




























