Գյումրեցի 22-ամյա Արթուր Տոնապատյանի ականջը կտրելու մեջ կասկածվող երիտասարդը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Նրանց փոխանցմամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝   դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 16-ին՝ ժամը 11:30-ի սահմանում Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, առերևույթ հանցագործություն կատարած անձը դանակով կտրել է  22-ամյա երիտասարդի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Զննվել է դեպքի վայրը, որտեղից հայտնաբերվել ու վերցվել է արնանման հետքի 4 նմուշ:

Մարմնական վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է: