Երեւանում նշել են Փետրվարի 23-ը, որը Ռուսաստանում Հայրենիքի պաշտպանի օրն է համարվում: Հաղթանակի զբոսայգում համեստ արարողություն է կայացել. Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակներ են դրվել: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ, Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության եւ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ:
Հայաստանի ԶՈՒ եւ պատերազմի վետերանների հանձնաժողովի նախագահ, հայտնի հետախույզ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեպետ փետրվարի 23-ն այլեւս Հայաստանի օրացույցի «կարմիր» օրերից չէ, սակայն հանրությունը, հատկապես վետերանները հիշում եւ նշում են այդ տոնը:
«Մենք եկել ենք հարգանքի տուրք մատուցելու պատերազմներում ընկած Հայրենիքի պաշտպաններին: Տարիներ են անցել, սակայն մենք սիրով ու հարգանքով ենք հիշում մեր ընկերներին: Անցյալի հիշողությունը ապագա սպառնալիքներին դիմակայելու երաշխիքն է»,- նշել է Պետրոս Պետրոսյանը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի – NEWS.am





























