Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը դատի է տվել Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանին եւ բարոյական փոխհատուցում է պահանջում։ Գեւորգ Գրիգորյանը, սակայն, պնդում է, որ ինքն ընդամենն իր կարծիքն է արտահայտել։

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած հեռուստատեսային հաղորդման ժամանակ, ըստ Գեւորգ Գրիգորյանի, Մարինե Թովմասյանը հայտարարել է, թե իրենք չունեն փորձաքննության եզրակացությունները, սակայն կարծում են, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, որտեղ 36 շաբաթ հաշվառված է եղել Մերի Մարգարյանը, բժշկական անփութություն է դրսեւորել։

«Սեպտեմբերի 25-ին Մերի Մարգարյանին նվիրված «Ազատ գոտի» հաղորդման ժամանակ ես ընդամենն իմ կարծիքն եմ հայտնել, որ փաստաբանը զրպարտում է, պետք չէ առանց ապացույցների խոսել ԲԿ-ի մեղավորության մասին։ Սրա համար է ինձ Մարինե Թովմասյանը դատի տվել ինձ»,- այսօր` փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Գրիգորյանը:

Դատական առաջին նիստը նշանակված է փետրվարի 24-ին: Ըստ Գրիգորյանի փաստաբան Լուսինե Հակոբյանի՝ հայցը վարույթ է ընդունվել անցած տարվա հոկտեմբերի վերջին, մինչդեռ իրենք այդ մասին իմացել են հունվարի վերջին։

«Դատարան գնալը խիստ ծայրահեղ քայլ է եւ ոչ անհրաժեշտ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Ինչ վերաբերում հանրային հնչեղություն ստացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործին, Գեւորգ Գրիգորյանը կարծում է, որ չի կարելի մեկ կամ մի քանի բժիշկների օրինակով ընդհանուր անվստահության մթնոլորտ ձևավորել համակարգի և մասնագիտության նկատմամբ։

«Մենք չենք ասում, որ լրատվամիջոցները չհրապարակեն բժիշկների սխալների հետևանքով տեղի ունեցած վատ դեպքերը, պարզապես ուզում ենք, որ համագործակցություն լինի: Տուժողի հարազատների կարծիքը միշտ սուբյեկտիվ է. պետք չէ աղմկահարույց դեպքերի ժամանակ միակողմանի մոտեցում ցուցաբերել»,- ասաց ասոցիացիայի նախագահը՝ նշելով, որ պետք է բժշկական ուղեցույցներ պատրաստել՝ ցանկացած դեպքի համար հասկանալու համար՝ արդյոք բժշկական անփութություն կա, թե ոչ։

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է 2015թ. հուլիսի 29-ին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: