«Մեր գյուղից չէ, գյուղում ոչ ոք չի պակասել, եթե մեր գյուղից լիներ, անպայման կիմանայինք»,-այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նորամարգի գյուղի համայնքապետ Սարգիս Գալստյանը՝ անդրադառնալով նախօրեին գյուղի Սեւ ջուր գետում տղամարդու այրված դիի հայտնաբերմանը:

 Սարգիս Գալստյանը հայտնեց, որ տղամարդու դին հայտնաբերել են ձկնորսները, եւ ահազանգել ոստիկանություն:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդու ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղում փետրվարի 19-ին հայտնաբերվել էր նործնի դի՝ կիսաայրված վիճակում: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքում փետրվարի 22-ին երեկոյան տղամարդու դի է հայտնաբերվել:

Ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության, ժամը 22.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. դիակը դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները Նորամարգ գյուղի վարչական տարածքում՝ երրորդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արեւմուտք, Սեւ Ջուր գետի միջից դուրս են հանել այրված, անձը չպարզված տղամարդու դին եւ հանձնել ոստիկաններին: