Դա եղել է պարզապես բորբոքվածություն, բայց Մհեր Սեդրակյանը ժխտում է, որ եղել է հայհոյանք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Մհեր Սեդրակյանի հետ իր աշխատասենյակում հանդիպումից հետո, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողներին հայհոյելու փաստին:
«Ինձ թվում է, որ նման միջադեպերը մենք պետք է կանխենք, նաեւ զրուցել ենք պարոն Սեդրակյանի հետ: Բայց նաեւ կոչ եմ անում, որ լրագրողները նույնպես մի քիչ զգոն լինեն՝ իրենց փոխադարձ վերաբերմունքի հետ կապված եւ ամեն ինչ կհարթվի: Նման միջադեպեր լինում են բոլոր տեղերում»,-ասաց Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե պարբերաբար Մհեր Սեդրակյանի հետ նման միջադեպեր են լինում, Բաղդասարյանն արձագանքելն է. «Լավ, լավ, անընդհատ ես չէի ասի»:
«Հայհոյանքներ չի եղել, ես նորից ձայնագրությունը նայեցի եւ ինքը հրաժարվում է, որ եղել է հայհոյանք: Այնտեղ կար բորբոքված, ինչ-որ փոխադարձ անհասկանալի բաներ, բայց ես չեմ լսել հայհոյանք: Պարզապես ցանկացել է, որ սենյակում առանձին զրուցի որպես իր տղայի տարիքի անձնավորություն մեր հարգարժան լրագրողի հետ, որը չի ստացվել: Ինձ թվում է, որ իրենք առանձնազրույցի կունենան եւ այդ ճշտումները կկատարվի»,-ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե կարգապահական որեւէ քայլ չի՞ լինելու Մհեր Սեդրակյանի նկատմամբ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դրանով էթիկայի հանձնաժողովն է զբաղվում: Եթե խնդիր լինի, իհարկե կանդրադառնա»:
Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:
Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ պատգամավորին պատժելու պահանջով:
Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:
Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:
Բացի այդ, լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ եւ կոչ են արել իշխանություններին հորդորել Մհեր Սեդրակյանին վայր դնել մանդատը:
Նշենք, որ միջադեպը մի շարք լրատվամիջոցներ տեսանկարրահանել են, սակայն Սեդրակյանն ավելի ուշ պնդել է, որ ինքը չի հայհոյել:





























