2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հայազն» կուսակցությունը կձեւավորի ազգային հեղափոխության քաղաքական խորհրդի թիմ: Այս մասին այսօր` փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:

«Այդ թիմը կառաջնորդի ժողովրդի հակազդեցությունը եւ մեր առաջարկությունն է, որպեսզի ժողովուրդն ընտրի այն թիմը, որը որ ցանկանում է` առաջնորդի իրենց: Այսօրվանից հրավիրում ենք բոլոր նրանց, որոնք գիտակցում են, որ երրորդ Հանրապետությունն իրեն սպառել է եւ բռնապետական կարգեր են արդենմեր երկրում, մեզ հետ ընտրել այն թիմը, որը կղեկավարի այդ պայքարը:  Ազգային հեղափոխությունը մեծ պահանջարկ ունի այսօր, սակայն բավարար կազմակերպչական ներուժ չկա»,-ասաց նա:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյաննն էլ նշեց, որ  ազգային հեղափոխության քաղաքական խորհրդի թիմի անդամները ընտրվելու են քարոզարշավի միջոցով, նրանք պետք է ժողովրդին ապացուցեն, որ իրենք արժանի են այդ թիմի անդամ լինել եւ կարող են ինչ-որ բան փոխել:

«Այս ամենը պետք է հանրությանը տեղ հասցնել այնպես, որպեսզի ժողովուրդը ճիշտ հասկանա: Այսօր մենք մեր երկրում բարեփոխման ռեսուրս չենք տեսնում, այդ պատճառով էլ կարծում ենք, որ հեղափոխությամբ է պետք հասնել այս ամենին: Թիմի անդամները կարող են լինել տարբեր մարզերից, այն մարդիկ, որոնց գաղափարախոսությունը համընկնում է մեր գաղափարախոսության հետ: Այս պահին մեր թիմում կա շուրջ 150 հոգի»,-ասաց նա: