Անընդունելի է, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի միայն մեկ թեկնածու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։
«Ինչ վերաբերում է Արման Թաթոյանի թեկնածությանը, ապա Դուք տպավորիչ կենսագրություն ունեք, մենք սպառիչ պատասխաններ լսեցինք։ Կային որոշակի շահերի բախման հետ կապված մտահոգություններ, որոնք երեկ կարողացաք փարատել»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ինքը կողմ է քվեարկելու Արման Թաթոյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք։
Նշենք, որ ՄԻՊ-ի գաղտնի քվեարկությունը կկայանա այսօր ժամը 13։30-ից մինչեւ 14։30-ն ընկած ժամանակահատվածում։




























