Հնարավոր չի, որ Մհեր Սեդրակյանը հայհոյի, ես նման բանից տեղյակ չեմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ գեւորգյանը (Նովո)՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողներին հայհոյելու փաստին:

«Դե հիմա մեր ընկերն ա, կարող ա մի քիչ էլ դուք եք ավելացնում»,-ընդգծել է նա:

Հարցին, թե ցանկություն չե՞ք ունեցել դիտել տեսանյութը, որտեղ երեւում է, որ Մհեր Սեդրակյանը հայհոյում է, Գեւորգյանը պատասխանեց. «Դե որ չեմ տեսել, չգիտեմ, ոնց ասեմ: Նախ` ինքն ինձնից տարիքով մեծ ա, ավագ ընկեր ա: Ես չգիտեմ էտ ոնց է ստացվել: Մի կողմից դուք ասում եք, բայց ես չեմ լսել: Երկրորդն էլ, դժվար նա տենց ձեր ասածի պես վիրավորած լինի, հայհոյած լինի: Չեմ հավատում ես»:

Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:

Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ պատգամավորին պատժելու պահանջով:

Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:

Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:

Բացի այդ, լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ եւ կոչ են արել իշխանություններին հորդորել Մհեր Սեդրակյանին վայր դնել մանդատը:

Նշենք, որ միջադեպը մի շարք լրատվամիջոցներ տեսանկարրահանել են, սակայն Սեդրակյանն ավելի ուշ պնդել է, որ ինքը չի հայհոյել: