«Ամերիաբանկը» հեռուստացույցի էկրանից կոմունալ վճարումներ կատարելու հնարավորություն կտա: Ինչպես փետրվարի 23-ին լրագրողներին ասել է «Ամերիաբանկի»՝ մանրածախ գործարքների հարցերով տնօրեն Արման Բարսեղյանը, հեռուստաբանկինգի միջոցով հաճախորդները կարող են կոմունալ վճարումներ անել եւ օգտակար տեղեկություններ ստանալ բանկում գործող փոխարժեքի, բանկի մասնաճյուղերի եւ բանկոմատների մասին: Ծառայությունը կլինի անվճար, կոմիսիոն վճարումներ դրա համար չկան:
Հեռուստաբանքինգը հասանելի կլինի բոլոր նրանց համար, ովքեր հաշիվ ունեն «Ամերիաբանկում», ունեն Ucom օպերատորի UTV փաթեթ եւ ովքեր օգտվում են հեռախոսային բանքինգից: Մենյուից օգտվելու համար անհրաժեշտ է բանկային քարտի համարն ու գաղտնաբառը: Գաղտնաբառը լինելու է պարզ՝ հեռախոսային բանքինգի կոդի առաջին 4 նիշերը:
Բացի այդ, եթե հաճախորդը կոմունալ վճարում է անում միանգամից մի քանի բնակարանների համար, նա կարող է առանձին վճարումների խմբեր ստեղծել էկրանի վրա:
«Հիմա մեր հաճախորդները կարող են օգտվել բոլոր այդ ծառայություններից՝ տանից դուրս չգալով: Մենք այդպիսով մեր ծառայություններն ենք առաջարկում կապի բոլոր հնարավոր միջոցներով՝ համացանցով, հեռախոսով, իսկ հիմա՝ հեռուստացույցով: Վերջինս նոր խոսք է ոչ միայն Հայաստանի համար, այն դեռեւս գործում է ոչ բոլոր արտասահմանյան երկրներում»,- նշել է Բարսեղյանը:
Ծառայության ակտիվացման համար հաճախորդները կարող են դիմել Ucom-ին, իսկ UTV-ի նոր բաժանորդների համար հավելվածը կտրամադրվի ավտոմատ կերպով:




























