Մարդու իրավունքի պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը հարցեր կլուծի եւ հետեւողականորեն կմտնի բոլոր նախարարությունները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Ես վստահ եմ, որ Արման Թաթոյանը հարցեր լուծելու է, հետևողականորեն կգնա այն նախարարություններ, այն պաշտոնյաների դուռը, որտեղ ոտնահարվել են մեր քաղաքացիների իրավունքները»,- ասաց Հեղինե Բիշարյանը։

Խմբակցության ղեկավարը վստահ է, որ Արման Թաթոյանը չի վախենալու վերհանել արդարադատության համակարգի խնդիրները, ավելի լավ կաշխատի խմբակցությունների եւ հասարակության հետ։

«Ձեր աշխատանքը պետք է բաժանվի երեք մասին․ նախ եւ առաջ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներկայացնի, թե ինչ է արել, երկրորդ՝ Ազգային ժողովն ինչ կարող է անել, որ օգնի ՄԻՊ-ին, երրորդ՝ Կառավարությունն ինչ միջամտություն պետք է անի, որ վերանան այն խութերը, որոնց պատճառով մեր քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են: Միայն ուզում եմ, որ համարձակ լինեք»,- ասաց նա։

Բիշարյանի խոսքով՝ իրենք իրենց խմբակցության վերջնական կարծիքը կհայտնեն ավելի ուշ։

Նշենք, որ ՄԻՊ-ի գաղտնի քվեարկությունը կկայանա այսօր ժամը 13։30-ից մինչեւ 14։30-ն ընկած ժամանակահատվածում։