Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը կանխորոշված է Սերժ Սարգսյանի աշխատասենյակում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ նոր Օմբուդսմենի ընտրությունը կանխորոշված է Սերժ Սարգսյանի կաբինետում։ Պետք է սթափ վերլուծել կատարվածը։ Կարեն Անդրեասյանի հրաժարականը պարտադրված էր Սերժ Սարգսյանի կողմից, սա միանշանակ է»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ՄԻՊ թեկնածուի քվեարկությանը, քանի որ արդյունքներն արդեն կանխորոշված են։

«Ասում են՝ իբր կա խոսքի ազատություն, սակայն Շարմազանովն առիթը բաց չի թողնի՝ խանգարելու։ Ասում են՝ իբր կար ընտրվող նախագահ, շառից փորձանքից հեռու նախագահի ինստիտուտը վերացրիք, որ իրավիճակը վերահսկեք։ Ասում են՝ իբր կան ընտրություններ, բայց այս ամենը ընդամենը ժողովրդավարության ֆասադ է։ Հիմա անդրադառնաք թեկնածուին․ Դուք միգուցե կրթված եք, սակայն Դուք Ձեր աչքի առաջ ունենալու եք Կարեն Անդրեասյանի օրինակը եւ ռեժիմը վստահ է, որ ունի Ձեզ վրա բոլոր լծակները»,- ասաց նա։

Նշենք, որ ՄԻՊ-ի գաղտնի քվեարկությունը կկայանա այսօր ժամը 13։30-ից մինչեւ 14։30-ն ընկած ժամանակահատվածում։