Ազգային ժողովի իշխող ՀՀԿ խմբակցությունը չի առաջարկել Զարուհի Փոստանջյանին՝ որպես ՄԻՊ թեկնածու, քանի որ մի քանի դրույթներով նա չէր համապատասխանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ պատճառաբանելով, թե ինչու չեն ներկայացրել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի թեկնածությունը։

«Մենք իսկապես քննարկել ենք Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիր կար, մի քանի դրույթներով նա չէր համապատասխանում՝ բարձրագույն կրթության, ապաքաղաքական լինելու եւ հասարակությունում բարձր հեղինակություն ունենալու հետ կապված։ Բարձր հեղինակությունը հանրահավաքների ժամանակ բարձրաձայն խոսելը կամ գործընկերներին վիրավորելը չէ»,- ասաց Հովհաննես Սահակյանը։

ՀՀԿ-ական պատգամավորն իր գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել իրենց առաջադրած թեկնածուին։

Նշենք, որ ՄԻՊ թեկնածուն արդարադատության փոխնախարարն է։ Գաղտնի քվեարկությունն արդեն սկսվել է եւ կավարտվի ժամը 14։30-ին։