«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին եւ կոչ արել ստուգել Շնող գետի աղտոտվածությունն ու ստուգումներ իրականացնել Թեղուտի հանքավայրում:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը սույն թվական փետրվարի 8-ին հրապարակեց Թեղուտում կատարված նկարահանումներ եւ լուսանկարներ, որոնք վկայում են, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը կոպտորեն խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, ինչի հետեւանքով հանքարդյունաբերական թափոնները հարակից գետ են թափվում: Ավելի ուշ՝ փետրվարի 18-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Շնող գետի լուսանկարներ, որոնք կրկին վկայում են գետի՝ թափոններով աղտոտվածության մասին։
Նկարահանված տեսանյութը լայնորեն լուսաբանվել է էլեկտրոնային մամուլում, հատուկ հղում է կատարվել նաեւ Բնապահպանության նախարարությանը։
Մեզ հայտնի է, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ին ընդունված համ. 839-Ա եւ 2016թ. հունվարի 14-ին ընդունված համ. 43-Ա որոշումներով անհասկանալիորեն կասեցվել են ընդերքօգտագործման մի շարք օբյեկտներում, այդ թվում՝ Թեղուտի հանքավայրում բնապահպանական ստուգումներ անցկացնելու գործընթացները:
Այնուհանդերձ, ինչպես նշված է ՀՀ կառավարության ընդունած որոշումներում, ստուգումների կասեցման իրավական հիմքը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքն է: Միեւնույն ժամանակ, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն, Ձեր եւ Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության անմիջական պարտականությունն է նախաձեռնել բնապահպանական տեսչական ստուգումներ, եթե առկա են նշված հոդվածով ամրագրված առանձնահատուկ դեպքերից որեւէ մեկը, մասնավորապես՝
շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ եւ վթարային իրավիճակները.
քաղաքացիների եւ կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները.
Վերը նշված տեսանյութը վկայում է, որ առկա են «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավական հիմքերը:
Ակնհայտ է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված համ. 839-Ա եւ համ. 43-Ա որոշումներում ներկայացված իրավական հիմքերը ՀՀ բնապահպանության նախարարությանը չեն կաշկանդում «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված իրավական հիմքերով ստուգումներ իրականացնել: Ուստի խնդրում ենք օրենքով սահմանված՝ քաղաքացիների եւ կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները հիմք ընդունելով՝ Թեղուտի հանքավայրում, ինչպես նաեւ հարակից տարածքում եւ ջրային աղբյուրներում իրականացնել ստուգումներ եւ հրապարակել ստուգումների արդյունքները, քանի որ այդ հանքավայրի շահագործման ընթացքում առնվազն Շնող եւ Թեղուտ համայնքների համար առաջացել է շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ եւ վթարային իրավիճակ:




























