Երեւանի բոլոր  վարչական շրջաններում ՀԷՑ-ի հաշվիչների մոտ 70-80 տոկոսը գործում է ի վնաս քաղաքացիների: Այս մասին փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Դուրս մեր գրպանից»  ՀԿ համակարգող Արմեն Եփրեմյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի գիշերային սակագների խախտումներին: Նա նշել է, որ մշտադիտարկում է իրականացրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանի խոսքով՝ ժամային խախտումների խնդիրն իրականում կա: Նա նշել է, որ ՀԷՑ-ը փորձում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի բաժանորդը հնարավորինս չտուժի: Ներկայացնելով ընկերության նոր ղեկավարության մոտեցումները՝ Ղազինյանը ընդգծել է, որ այսօր ՀԷՑ-ը միանշանակ աշխատում է բաժանորդի օգտին: «Միայն փետրվարի ընթացքում մենք 220 բողոք եք ստացել, որոնցից միայն 8-ն են հիմնավորված եղել: Մենք գործ ունենք էլեկտրաէներգիայի հետ, եւ բացթողումներ, իհարկե, կարող են լինել: Այս 3 ամսվա ընթացքում ընկերության 49 աշխատակից ազատվել է աշխատանքից»,- հավելել է Դավիթ Ղազինյանը:

Մամուլի ասուլիսի երրորդ մասնակից, «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես արձանագրել է, որ խնդիրը կա, եւ կան շեղումներ: «ՀԷՑ-ը նոր ղեկավարություն ունի, նոր մոտեցումներ եւ նոր ղեկավարության համար առաջնային պետք է լինի հենց այդ հարցը: Այստեղ խնդիրը տեխնիկական է: Հաշվիչների հետ կապված շատ խնդիրներ կան: Շատ քաղաքացիներ կասկածում են իրենց հաշվիչների ցուցանիշներին»,- նշել է Արմեն Պողոսյանը: