Հայկական վանակատի (օբսիդիան) պետական տուրքն այսուհետ կկազմի տարեկան 100 հազար դրամ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը՝ ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Օրինագիծը վերաբերում է վանակատի՝ օբսդիանի, յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման, շահագործման համար տարեկան 100 հազար դրամ տուրք նշանակելուն։ Տեւական ժամանակ է, ինչ վանակատն օգտագործվում է հուշանվերների, շինարարության արտադրության բնագավառում։ Սակայն այսօր տեղական ընկերությունները փաստի առաջ են կանգնում․ փաստաթղթավորումը խնդրահարույց է դառնում, քանի որ շահագործվող հանքավայր չկա»,- ասաց Էմիլ Տարասյանը։
Փոխնախարարի խոսքով՝ վանակատի պահանջարկը չնչին է, իսկ ներկայումս էլ պետական տուրքը կազմում է 10 մլն դրամ, հետեւաբար հանքավայրերի օգտագործումը դառնում է ոչ արդյունավետ․ «Քննարկումներ ենք կազմակերպել, որ հանքավայրերի օգտագործումն առավել արդյունավետ դարձնենք եւ որոշել ենք, որ ամենաօպտիմալը պետական տուրքը 100 հազար դրամ դարձնելն Է»։





























